Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տիրոջ ոտքերի մոտ

Տիրոջ ոտքերի մոտ
14.05.2013 | 01:25

(սկիզբը` այստեղ)

ՄԱՍ II
1. Աղոթել չի նշանակում, թե առանց աղոթքի Աստված մեզ ոչինչ չի տա, կամ որ Նա անտեղյակ կլինի մեր կարիքներին: Բայց այն ունի մեծ առավելություն. աղոթքի դեպքում հոգին ամենից արժանավոր վիճակում է՝ ընկալելու օրհնություն Շնորհողին, ինչպես նաև այն օրհնությունները, որոնք Նա կամենում է պարգևել: Ահա թե ինչու Սուրբ Հոգու լիությունը չհեղվեց առաքյալների վրա առաջին օրը, այլ տասն օրվա հատուկ պատրաստություններից հետո:
Եթե օրհնություն շնորհվի մեկին առանց դրա համար հատուկ նախապատրաստության, նա այն ո՛չ կարժևորի պատշաճորեն, ո՛չ էլ կպահի երկար ժամանակ: Օրինակ՝ քանի որ Սավուղը Սուրբ Հոգին և թագավորությունը ստացավ առանց դրանց համար ջանք թափելու, շատ շուտով կորցրեց երկուսն էլ, որովհետև նա տնից գնացել էր ոչ թե Սուրբ Հոգին ստանալու, այլ փնտրելու իր կորած ավանակները:
2. Միայն աղոթական մարդը կարող է Աստծուն երկրպագել հոգով և ճշմարտությամբ: Մյուսները նման են պատկառուկի. երկրպագության ընթացքում, Սուրբ Հոգու ուսուցումից ու ներկայությունից ազդված, նրանք ասես կծկվում են և խոնարհելով իրենց գլուխները՝ լրջանում, բայց եկեղեցուց հազիվ դուրս եկած՝ աշխուժանում են ու շարունակում նախկինի պես:
3. Եթե մենք չխնամենք ծառը կամ թուփը, որը լավ պտուղ կամ ծաղիկ է տալիս, այն կխեղվի ու կվերադառնա իր վայրի վիճակին: Նմանապես եթե հավատացյալը աղոթքն ու հոգևոր կյանքն անտեսելու պատճառով դադարի իմ մեջ ապրելուց, այդ անհոգության հետևանքով նա կգահավիժի երանության վիճակից ու խրվելով իր հին, մեղավոր ճանապարհների մեջ՝ կկորսվի:
4. Երբ ջրամբարի կամ լճի կողքին անշարժ կանգնած կռունկ ենք տեսնում, նրա դիրքից կարող ենք ենթադրել, թե Աստծո փառքի կամ ջրի գերազանց որակի մասին է խորհում: Բայց ամենևին էլ այդպես չէ: Թռչունը ժամերով անշարժ կանգնում է այնտեղ, սակայն հենց որ գորտ կամ փոքր ձուկ է նկատում, հարձակվում է նրա վրա և կուլ տալիս: Աղոթքի և հոգևոր խորհրդածության առնչությամբ շատերի վերաբերմունքն ու մոտեցումը հենց այդպիսին է: Աստծո անծայրածիր օվկիանի ափին նստած՝ նրանք ուշադրություն չեն դարձնում Բարձրյալի վեհությանն ու սիրուն, ոչ էլ Նրա աստվածային բնությանը, որը մարդուն մաքրում է մեղքերից և հագեցնում քաղցած հոգին, այլ համակված են առանձնակի փափագելի ինչ-որ իր ձեռք բերելու մտքով, որի միջոցով կկարողանան է՛լ ավելի տրվել այս վաղանցուկ աշխարհի հաճույքներին: Այդպես նրանք շրջվում են ճշմարիտ խաղաղության աղբյուրից և ընկղմվելով այս աշխարհի անցողիկ զվարճությունների մեջ՝ դրանց հետ էլ մեռնում ու անհետանում են:
5. Թե՛ ջուրը և թե՛ նավթը երկրի ընդերքից են առաջանում, ու թեև դրանք նման և անգամ նույնն են թվում, սակայն իրենց բնույթով և նպատակով ճիշտ հակապատկերներ են. մեկը մարում է կրակը, իսկ մյուսը՝ բորբոքում: Նույնպես և աշխարհն ու դրա գանձերը, սիրտն ու դրա փափագն առ Աստված կրկին Նրա ստեղծածն են: Եվ սիրտն այս աշխարհի հարստությամբ, հպարտությամբ ու պատիվներով բավարարելու փորձը նույնն է, թե մեկը փորձեր կրակը հանգցնել նավթով, քանզի սիրտը կարող է հանգիստ և գոհացում գտնել միայն Նրա մեջ, որը ստեղծել է թե՛ դա և թե՛ այն բուռն ցանկությունը, որը զգում է դա: Արդ, ով գա դեպի ինձ, ես նրան կտամ կենսատու ջուրը, ու նա հավիտյան չի ծարավի, այլ նրանում կլինի ջրի մի աղբյուր, որը հավիտենական կյանքի համար կբխի:
6. Մարդիկ զուր են փորձում խաղաղություն գտնել աշխարհում և աշխարհիկ բաներում, քանի որ փորձը հստակ ցույց է տալիս, որ դրանցում ճշմարիտ խաղաղություն և գոհացում հնարավոր չէ գտնել: Նրանք նման են այն տղային, որը սոխ է գտնում և սկսում մաքրել ու շերտատել՝ հուսալով մեջն ինչ-որ բան գտնել, ճիշտ ինչպես արկղի մեջ են գտնում՝ բացելով կափարիչը: Բայց նրան միայն անօգուտ սպասումը մնաց. նա ոչինչ չգտավ, բացի վերջին շերտից, որովհետև սոխը ոչ այլ ինչ է, եթե ոչ շերտերի հավաքածու: Այս աշխարհն էլ և այն ամենը, ինչ պատկանում է նրան, ունայնություն ունայնությանց են, մինչև որ մարդիկ գտնեն խաղաղության ճշմարիտ աղբյուրը:
7. Աշխարհը նման է պատրանքի, և ճշմարտություն որոնողը, հուսալով ինչ-որ բան գտնել՝ հագեցնելու իր պապակ հոգին, սկսում է փնտրել այն, բայց միայն հիասթափության ու հուսահատության է հանդիպում: Կենաց ջուրը հնարավոր չէ գտնել ձեռակերտ ավազաններում կամ ճաքած ցիստեռններում: Բայց նրանք, ովքեր աղոթքով և մաքուր սրտով են մոտենում ինձ, իմ մեջ, որ կենսատու ջրի աղբյուրն է, կգտնեն այն, ինչից կարող են գոհացում, զորություն և հավիտենական կյանք ստանալ:
8. Մի կին, իր երեխային գրկած, գնում էր լեռնային արահետով, երբ հանկարծ երեխան, մի գեղեցիկ ծաղիկ տեսնելով, այնպես ցատկեց մոր գրկից, որ գլխիվայր ցած ընկավ լեռից, գլուխը հարվածեց ժայռին և տեղում մահացավ: Արդ լիովին պարզ է, որ երեխայի ապահովությունն ու պահպանությունը նրա մոր գրկում էին, ոչ թե այդ հրապուրիչ ծաղիկների մեջ, որոնք նրա մահվան պատճառը դարձան: Այդպես է վարվում այն հավատացյալը, որի կյանքն աղոթական չէ: Աշխարհի վաղանցուկ և հրապուրիչ հաճույքները տեսնելով՝ նա մոռանում է իմ սերն ու հոգածությունը, որոնք շատ ավելին են, քան մոր տվածը, և անտեսելով այն հոգևոր կաթը, որը ես ընծայում եմ նրան, դուրս է ցատկում իմ գրկից ու կորսվում:
9. Պահպանությունը, որը մայրն ապահովում է, այնպիսին է, որ հնարավոր չէ ստանալ առանց երեխայի որոշակի ջանքերի: Նույնպես և իմ երեխաները, որոնց ես կրում եմ իմ գրկում, չեն կարող ստանալ՝ առանց փնտրելու հոգևոր կաթը, որն ի զորու է փրկելու նրանց հոգիները: Եվ ինչպես երեխային կարիք չկա սովորեցնելու, քանի որ բնազդաբար գիտի որտե՛ղ և ինչպե՛ս ստանալ իր սնունդը, նույնպես էլ նրանք, ովքեր Հոգուց են ծնված, հոգևոր բնազդով, ոչ թե աշխարհիկ փիլիսոփայությունից կամ իմաստությունից, գիտեն ինչպե՛ս աղոթել և ինձնից՝ իրենց հոգևոր Մորից, ստանալ հավիտենական կյանքի կաթը:
10. Ես մարդու էության մեջ քաղց ու ծարավ եմ դրել, որ նա բացարձակ անհոգության մեջ իրեն Աստված չհամարի, այլ ամեն օր հիշի իր կարիքների մասին և այն, որ իր կյանքը կապված է Մեկի կյանքին ու գոյությանը, ով ստեղծեց իրեն: Այդպես իր թերություններն ու կարիքները գիտակցելով՝ նա կապրի իմ մեջ, և ես՝ նրա մեջ: Եվ նա հավետ իմ մեջ կգտնի իր երջանկությունն ու ուրախությունը:

ՄԱՍ III
1. Աղոթելը խոսելն է ինձ հետ և այդպիսով հաղորդակցության մեջ լինելով ինձ հետ ու ապրելով իմ մեջ՝ ինձ նման դառնալը: Կա միջատի մի տեսակ, որը սնվում և ապրում է խոտի ու կանաչ տերևների մեջ և գույնով դրանց նման է դառնում: Նույնպես էլ բևեռային արջը, ապրելով սպիտակ ձյուների մեջ, ունի նույն ձյունաթույր սպիտակությունը, իսկ բենգալյան վագրն իր մորթու վրա կրում է այն եղեգների հետքերը, որոնց մեջ ապրում է: Այնպես որ, նրանք, ովքեր աղոթքի միջոցով հաղորդակցության մեջ են մնում ինձ հետ, սրբերի և հրեշտակների հետ մասնակից են դառնում իմ բնությանը ու ձևավորվելով իմ պատկերով՝ դառնում ինձ նման:
2. Երբ ես Լեռան վրա միայն կարճ ժամանակով ինձ հետ շփման մեջ մտցրի Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, իմ փառքից մի նշույլ ցույց տվեցի, և բոլոր սրբերից միայն երկուսը՝ Մովսեսն ու Եղիան, հայտնվեցին նրանց. նրանք այնքա՜ն էին հմայված երկնային փառքի այդ կարճ առկայծումից, որ ցանկացան երեք վրան կառուցել այնտեղ բնակվելու համար: ՈՒրեմն որքա՜ն սքանչելի կլինի երջանկությունը նրանց, ովքեր ապրում են իմ մեջ և սրբերի ու անթիվ հրեշտակների հետ մտնում են իրենց փափագած դրախտը և բաժնեկից դառնում իմ ամբողջ փառքին, որը չգիտի ո՛չ կորուստ, ո՛չ էլ փոփոխման ստվեր: Աղոթական մարդը երբեք մենակ չի լինի, այլ ինձ հետ և իմ սրբերի հետ կապրի հավիտյան:
3. Մեծ բան չէ կենդանիները, կայծակը, քամին, լույսը և բնության այլ ուժերն օգտագործելը և նրանց իշխելը, բայց չափազանց կարևոր ու անհրաժեշտ է հասնել իշխանության աշխարհի, սատանայի և սեփական անձի հանդեպ՝ դրա բոլոր կարիքներով հանդերձ: Միայն նրանց, ովքեր ապրում են աղոթական կյանքով, ես շնորհում եմ իշխանություն՝ հաղթահարելու թշնամու ամբողջ զորությունը: Այնպես որ, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք ապրում են այս աշխարհում, ապրում են ինձ հետ երկնային վայրերում, և սատանան, լինելով ներքևում, իսկ նրանք՝ վերևում, երբեք չի կարող հասնել նրանց: Նրանք հավիտյան ապրում են ինձ հետ ապահովության մեջ և առանց վախի սարսուռի:
Չնայած մարդիկ բնության ուժերի հանդեպ իշխանություն են ձեռք բերել, նրանք չեն կարող մթնոլորտի սահմաններից այն կողմ գնալ, մինչդեռ աղոթական մարդը, գերազանցելով սատանային և սեփական անձը, երբ կամենա, կարող է սավառնել մշտագո երկնքում:
4. Ինչպես մեղուն է հավաքում ծաղիկների նեկտարը և այն վերածում մեղրի՝ առանց վնասելու դրանց գույնը կամ բուրմունքը, նույնպես աղոթական մարդն է երջանկություն ու բարիք հավաքում Աստծո ամբողջ արարչությունից՝ առանց խաթարելու այն: Ինչպես մեղուներն են մեղրը հավաքում տարբեր տեղերի բոլոր տեսակների ծաղիկներից և պահեստավորում մեղրախորիսխի մեջ, նույնպես և Աստծո մարդն է քաղցր մտքեր ու զգացումներ ժողովում արարչության յուրաքանչյուր մասնիկից և իր Արարչի հետ հաղորդակցության մեջ լինելով՝ իր սրտում ամբարում է ճշմարտության մեղրը, ու Նրա հետ անվախճան խաղաղության մեջ, բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում, հրճվանքով ճաշակում է Աստծո քաղցր մեղրը:
5. Այժմ ժամանակն է ընդունելու և մեր սրտերի անոթներում պահելու Սուրբ Հոգու ձեթը, ինչպես որ հինգ իմաստուն կույսերն արեցին, հակառակ դեպքում հինգ հիմար կույսերի նման մենք ոչնչի էլ չենք հանդիպի, այլ կունենանք տրտմություն ու հուսահատություն: Այժմ դուք պետք է նաև մանանա հավաքեք իսկական Շաբաթի համար, հակառակ դեպքում ձեզ ոչինչ չի մնա, այլ միայն դառնություն և վիշտ: «Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմռանը և ոչ էլ շաբաթ օրը, որովհետև այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչև այժմ և այլևս չի էլ լինի»:
Այնպես, ինչպես կլիման է բույսերի ու ծաղիկների ձևի, գույնի և աճման առանձնահատկության փոփոխություն առաջացնում, նույնպես էլ նրանց մեջ, ովքեր հաղորդակցության մեջ են մնում ինձ հետ, զարգանում է հոգևոր էությունը՝ ըստ սովորությունների, հակումների և վարքի. ազատվելով հին մարդուց՝ նրանք փոխակերպվում են իմ փառավոր և անեղծ պատկերին:
Մատովս գետնի վրա գրեցի մեղավոր վիճակը նրանցից յուրաքանչյուրի, ովքեր, չնայած իրենց ներքին գարշանքին, շնության մեջ բռնված կնոջը բերեցին դատապարտման համար: Նրանք մեկ առ մեկ լքեցին նրան և հեռացան շփոթված ու ամոթահար: Մատովս, նաև ծածկաբար, իմ ծառաներին ցույց եմ տալիս իրենց մեղքի վերքերը, և երբ նրանք զղջում են, նույն մատի շոշափումով բուժում եմ դրանք, ու ինչպես երեխան է ամուր բռնում իր հոր մատը և դրա օգնությամբ քայլում նրա հետ, նույնպես և ես իմ մատով առաջնորդում եմ իմ երեխաներին այս աշխարհից դեպի հանգստի ու հավիտենական խաղաղության իրենց տունը:
7. Մարդիկ հաճախ իմ անունից են աղոթում Հորը, բայց չեն ապրում իմ մեջ, այսինքն՝ իմ անունը նրանց բերաններին ու շուրթերին է, բայց ոչ նրանց սրտերում ու կյանքում: Դա է պատճառը, որ նրանք չեն ստանում այն, ինչի համար աղոթում են: Բայց երբ ես ապրում եմ նրանց մեջ, և նրանք՝ իմ մեջ, այդ ժամանակ ինչ էլ որ խնդրեն Հորից, կստանան, քանզի այդ դրության մեջ Սուրբ Հոգու ուղղորդմամբ են աղոթում: Սուրբ Հոգին նրանց ցույց է տալիս, թե ի՛նչը կփառավորի Հորը և լավագույնը կլինի նրանց և ուրիշների համար: Այլապես նրանք կստանան այնպիսի պատասխան, ինչպիսին վատ որդին ստացավ կառավարչից, որին իր հայրը ծառայել էր մեծ խիզախությամբ և պատվով: Երբ որդին խնդրանք ներկայացրեց հոր անունից աշխատանքի ու բարեհաճության համար, կառավարիչը մատնացույց արեց նրա չար կյանքն ու սովորույթները և ասաց. «Մի՛ խնդրիր քո հոր անունից, այլ նախ գնա՛ ու նրա օրինակի՛ն հետևիր: Թող նրա բարձր արժեքը չլինի միայն քո շուրթերին, այլ կրի՛ր այն քո կյանքում, և միայն հետո քո խնդրանքը կընդունվի»:
8. Մեծ տարբերություն կա միայն շուրթերով օրհնաբանողների աղոթքների և նրանց աղոթքների միջև, ովքեր դա իրենց սրտով են անում: Օրինակ՝ մեկը, որը ճշմարիտ երկրպագող էր, շարունակ աղոթում էր մյուսի համար, որ նրա աչքերը բացվեն, և կարողանա ընդունել ճշմարտությունը, մինչդեռ մյուսը, որը միայն անունով էր երկրպագու, իմ ճշմարիտ երկրպագուի հանդեպ թշնամանքի մեջ հաճախ աղոթում էր, որ նա կուրանա: Ճշմարիտ երկրպագողի աղոթքներն Աստծո սիրառատ կամքով ի վերջո լսվեցին, և նա, ով նախկինում կեղծավոր էր, հոգևոր տեսողություն ստացավ: ՈՒրախությամբ լի սրտով՝ այդ մարդը դարձավ ճշմարիտ հավատացյալ և անկեղծ ու մշտական ընկերը իմ ճշմարիտ ծառայի:
9. Աղոթքը մարդկանց համար հնարավոր է դարձնում բաներ, որոնք նրանք անհնարին են համարում այլ միջոցներով և կյանքում այնպիսի զարմանահրաշ բաներ են ապրում, որոնք ոչ միայն հակառակ են երկրային կանոններին ու դատողություններին, այլև ընդհանրապես անհնարին են համարվում: Գիտնականները չեն ընդունում, որ Նա, ով կարգի է բերել բոլոր ստեղծված բաները և դրանց համար օրենքներ հաստատել, չի կարող բանտարկված լինել իր սեփական օրենքների արգելապատի հետևում: Մեծ Օրենսդիրի ճանապարհներն անըմբռնելի են, որովհետև Նրա հավերժական կամքը և նպատակը Իր բոլոր արարածների օրհնությունն ու բարգավաճումն են, և պատճառը, որ սովորական մարդը չի կարողանում ըմբռնել այս իրողությունը, այն է, որ հոգևոր բաները հոգով են նշմարվում:
Բոլոր հրաշքներից մեծագույնը նոր ծնունդն է մարդու մեջ. ով ճաշակել է այդ հրաշքը, մնացած բոլորը դառնում են հնարավոր: Շատ ցուրտ երկրներում ջրակամուրջը սովորական տեսարան է, որովհետև երբ գետի մակերևույթը ամուր սառած է, ջուրը ներքևում դեռ ազատ հոսում է, բայց մարդիկ հեշտ ու հանգիստ անցնում են սառցե կամրջով: Սակայն եթե մեկը հոսող գետի վրայով ձգվող ջրակամրջի մասին պատմեր մարդկանց, ովքեր մշտապես քրտնում են արևադարձային կլիմայի տապի մեջ, նրանք միանգամից կասեին, որ այդպիսի բան անհնարին է և հակասում է բնության օրենքներին: Նույն մեծ տարբերությունն առկա է վերստին ծնվածների, իրենց հոգևոր կյանքն աղոթքով պահպանողների և նրանց միջև, ովքեր աշխարհիկ կյանքով են ապրում՝ արժևորելով միայն նյութականն ու այդպիսով բացարձակ անտեղյակ մնալով հոգու կյանքին:
10. Ով ուզում է աղոթքի միջոցով Աստծուց ստանալ հոգևոր կյանքի օրհնությունը, պետք է հավատա և հնազանդվի առանց կասկածելու: Մարդը ինձ մոտ եկավ չորացած ձեռքով. երբ ես նրան հրամայեցի երկարել ձեռքը, անմիջապես հնազանդվեց, և նրա ձեռքն առողջացավ, ինչպես մյուսն էր: Բայց պատկերացրո՛ւ, եթե անհապաղ հնազանդվելու փոխարեն նա սկսեր վիճել և ասել. «Ինչպե՞ս կարող եմ երկարել ձեռքս: Եթե կարողանայի դա անել, ինչո՞ւ պիտի քեզ մոտ գայի: Նախ և առաջ բուժի՛ր ձեռքս, ու հետո ես կկարողանամ երկարել այն»: Այդ ամենը շատ տրամաբանական և տեղին կթվար, բայց նրա ձեռքը երբեք չէր բուժվի:
Նա, ով աղոթում է, պետք է հավատա և հնազանդ լինի, աղոթքի մեջ դեպի ինձ երկարի իր թույլ ու չորացած ձեռքը: Եվ դա բավարար կլինի ինձ համար՝ նրան հոգևոր կյանք տալու, ու իր կարիքին համապատասխան այն կտրվի նրան:
(շարունակելի)


Անգլերենից թարգմանեց
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԸ
Նկարիչ` Մայիս ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ